Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայրենիքս ինձ ընտանիք նվիրեց

Հայրենիքս ինձ ընտանիք նվիրեց
30.05.2025 | 21:14

Սովորական առավոտ էր Գավառի մանկատանը: Մարգարիտան նայում էր երկնքին և երազում այն մասին, որ մեծանա և դառնա ուսուցչուհի:

Հանկարծ արցունքներն անկառավարելիորեն գլորվեցին աչքերից, հիշեց փոքր եղբորը:

ՈՒ՞ր է հիմա այդ հրաշք փոքրիկը, ում սրտի թրթիռով սպասում էր, ու՞ր է մայրիկը…

Մարգարիտան հիշում էր միայն այն, որ իր սիրելի հայրիկը մահացավ, այնուհետև ծնվեց փոքրիկ եղբայրը, բայց հետո մայրիկն էլ չկար, մեծերի խոսակցություններից հասկացել էր, որ մայրիկն էլ է մահացել:

Ընտանիքում մնացել էր միայն ծեր տատիկը, ինքն ու նորածին եղբայրը:

Մարգարիտան 7 տարեկան էր, ամեն օր ինչ-որ հրաշքի էր սպասում, ամեն առավոտ արթնանում էր այն մտքով, որ երազ է, կարթնանա, կտեսնի մայրիկին, հայրիկին, եղբորը, սակայն օրերն անցնում էին ու Գավառի մանկատան պատերն էին ամեն առավոտ ողջունում Մարգարիտային:

«Հագնվիր, Մարգարիտա ջան, քեզ սպասում են»,- լսվեց մանկատան աշխատակցի ձայնը:

Այն մտքից, որ ինչ-որ մեկն իրեն սպասում է, Մարգարիտան միանգամից երջանկացավ, արագ պատրաստվեց և գնաց աշխատակցի հետևից:

Մարգարիտային սպասում էր մի իտալացի ընտանիք և Անուշը. փոքրիկը դեռ չգիտեր, որ այս մարդիկ հետագայում դառնալու էին իր ամենահարազատ հոգիները: Բոգի ընտանիքը երջանիկ ժպիտով դիմավորեց աղջնակին, ում համադրել էին այդ ընտանիքի հետ, նրանց երազանքը վերջապես իրականացել էր, նրանք այլևս աղջիկ ունեին:

Փոքրիկը դեռևս չէր հասկանում, թե ինչ է կատարվում, հոգին փոթորկվել էր. գուցե նրա աղոթքները վերջապես տե՞ղ էին հասել, ու Աստված նրան մամա ու պապա է ուղարկել:

Երջանկությունը, անորոշությունն ու շփոթմունքը միախառնվել էին:

Մարգարիտան չէր կարողանում հավատալ, որ գալու է այն օրը, երբ արթնանալու է մամայի համբույրից, Գավառի մանկատան սառը պատերն էլ մնալու են որպես հուշ:

Այդ ամառային առավոտը բեկում մտցրեց Մարգարիտայի կյանքում:

Սկզբում նա դժվար էր պատկերացնում, թե ինչպես է թողնելու Գավառի սառը պատերով, բայց արդեն հարազատ դարձած մանկատունը և գնալու օտար երկիր, ինչպե՞ս է օտար մարդկանց համարելու մամա և պապա:

Տարիներ անց արդեն Մարգարիտան ամառային այդ օրը համարելու է իր կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ հենց այդ պահից դրվեց իր նոր ընտանիքի հիմքը:

«Ես համարում եմ ինձ անչափ երջանիկ մարդ, շնորհակալ եմ հայրենիքիս, որն ինձ ընտանիք նվիրեց, որտեղ ինձ սիրեցին, իրականացրեցին իմ բոլոր երազանքներն ու նպատակները, տվեցին սեր ու ջերմություն, ազգանուն ու ապագա: Ես անչափ գնահատում եմ Անուշին, ով կազմակերպեց որդեգրման գործընթացը, մինչ օրս պահում եմ նրա հետ կապը, հրավիրել եմ հարսանիքիս, հույս ունեմ՝ կկարողանա գալ, նա շատ կարևոր մարդ է իմ կյանքում»,- այսօր արդեն պատմում է Մարգարիտան, ով հոր շնորհիվ շփում ունի նաև Հայաստանի հետ:

«Ես երախտապարտ եմ հորս, ով օգնեց ինձ կապ պահել Հայաստանի հետ, դա իմ երազանքներից մեկն էր: Ընտանիքիս շնորհիվ իրականացավ նաև իմ մյուս երազանքը՝ այժմ սովորում եմ մանկավարժական գիտությունների բաժնում, շուտով ընտանիք եմ կազմելու սիրածս տղամարդու հետ: Ես շնորհակալ եմ Հայաստանին այն ամենի համար, ինչ ունեմ այսօր Իտալիայում, ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի կյանք կունենայի, եթե չորդեգրվեի Իտալիայում և մնայի Գավառի մանկատանը»,- պատմում է Մարգարիտան՝ նշելով, սակայն, որ շատ է վրդովվել, երբ մամուլում կարդացել է Իտալիա որդեգրված երեխաների մասին տարածվող նյութերը.

«Հոգեկան աշխարհս տակնուվրա եղավ, երբ պատահաբար կարդացի այն մասին, թե իբր Հայաստանից Իտալիա երեխաներ են վաճառվել որդեգրությունների միջոցով: Այսինքն, ինչպե՞ս կարող էր որևէ մեկի մտքով անցնել, որ իմ չքնաղ ծնողները կարող էին ինձ գնել կամ Հայաստանում մանկատան երեխաներիս այդքան սեր, ջերմություն և հոգատարություն տված մարդիկ մեզ վաճառած լինեին: Դա աբսուրդ էր: Ես ցավ ապրեցի, քանի որ այդ մարդիկ պատկերացում չունեն անգամ, թե ինչ է նշանակում կորցնել ընտանիքը, հետո ինչ-որ հրաշքով նորից ընտանիք ունենալ, որն ամեն գնով փայփայում ես, ի՞նչ է նշանակում ծնվել երկրորդ անգամ, գտնել ծնողների, ովքեր ողողում են քեզ սիրով ու ջերմությամբ, անմնացորդ նվիրվում և այդ բացառիկ մարդկանց վերագրել նման մեղադրանքներ:

Ես վիրավորված էի շատ, սակայն չեմ նույնականացնում այդ տեղեկությունները տարածողներին հայրենիքիս հետ, ես էլի շնորհակալ եմ Հայաստանին, մանկատանը, բոլոր կառույցներին, Անուշին, ովքեր ինձ ապրելու ուժ և շանս նվիրեցին»:

Մարգարիտան այժմ պատրաստվում է իր հարսանիքին, որից հետո նպատակ ունի այցելել Հայաստան՝ հայրենիք, որն իրեն նվիրեց ընտանիք:

Պատմությունը գրել եմ Մարգարիտա Բոգիի խոսքերից:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ